Եթե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում խոսք գնար Ռուսաստանից, Եվրոպայից կամ ԱՄՆ-ից հայ օլիգարխների՝ խաղի մեջ ներգրավվելու մասին, դա ավելի հասկանալի կլիներ, քան այն, որ խաղի մեջ փորձում են ներքաշել «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ամեն անգամ, ընդգծել է նա, երբ հարեւան երկրում ինչ-որ բան է տեղի ուենում, Հայաստանում փորձում են օգտագործել դա: «Սակայն պետք չէ մոռանալ, որ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում կոպեկ անգամ չուներ»,- նշել է Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մի կողմից կոչ է արվում, որպեսզի օլիգարխները մասնակցեն խաղին, մյուս կողմից, առաջին նախագահն իրականում տեսնում է, ինչ կատարվեց Վրաստանում եւ Ուկրաինայում, ընդ որում ոչ միայն հիմա, այլ նաեւ Վիկտոր Յանուկովիչի կառավարման ժամանակ: «Քանի որ վերջինս նույնպես օլիգարխ էր, հանգիստ վերցրեց իշխանությունը, իսկ այժ նրան հեռացրել են եւ հեռացրել են մյուս օլիգարխները: Այս տեսակետից հնարավոր է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է պրագմատիկ քայլերի դիմել, դա տեխնոլոգիա է, որը փորձում են կիրառել նաեւ Հայաստանում, կստացվի, թե ոչ, չեմ կարող ասել»,- նշել է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասել էր. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել, կամ նրանցից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում: ժամանակն է, որ բոլոր քաղաքական ուժերը հասարակական կազմակերպությունները, քաղաքական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը՝ հոգով ու ոտքով ընկալեն ՀՀ փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի իմաստը, որովհետեւ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է բոլորիս վրա»: