Մարտի 4-ին առավոտյան, ժամը 5-ին Ղրիմում ուկրաինական բոլոր ռազմական օբյեկտներում կարող է «իսկական գրոհ» սկսվել: Հնարավոր գրոհի մասին հաղորդում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից: ՌԴ Սեւծովյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն իբր վերջնագիր է ներկայացրել ուկրաինացի զինծառայողներին:

«Եթե վաղը մինչեւ ժամը 5-ը նրանք չհանձնվեն, Ուկրաինայի զինված ուժերի զորամասերում եւ ստորաբաժանումներում իսկական գրոհ կսկսվի ողջ Ղրիմում»,- պատմել են պաշտպանության նախարարությունում:

ՌԴ ՍՆ հրամանատարի նման վերջնագիրը ռուս զինծառայողները հասցնում են ուկրաինական զորամասերի անձնակազմին, հաղորդում է «TCH.ua»-ն:

Ուկրաինական լրատվամիջոցները նշում են, որ ռուսաստանցի զինծառայողները արգելափակում են ողջ Ղրիմում գտնվող ռազմական օբյեկտները: Մարտի 3-ին արգելափակել են Սեւաստոպոլում Ուկրաինայի Ռազմածովային ուժերի շտաբը: Հաղորդում են, որ թերակղզում արդեն 15000 ռուս զինծառայողներ կան: