Եվրամիությունը կդադարեցնի Ռուսաստանի հետ առանց վիզաների ռեժիմի ընդունման վերաբերյալ բանակցությունները Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիա սկսելու դեպքում:

Ռուսաստանցիների համար առանց վիզաների ռեժիմի վերաբերյալ բանակցությունների անհապաղ դադարեցումը, մասնավորապես, պաշտպանում է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին:

Մարտի 3-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստ է կայացել, որում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նախարարների խորհուրդը միաձայն դատապարտել է Ռուսաստանի ռազմական ներկայությունն Արեւելյան Ուկրաինայի տարածքում:  Իրենց հայտարարության մեջ նախարարները նշել են, որ Մոսկվայի հանդեպ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Վիզային բանակցությունները դադարեցնելուց բացի ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի հանդեպ զենքերի էմբարգո մտցնելու հնարավորությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի այն քաղաքացիների հաշիվների սառեցում, ովքեր մասնակից են կոռուպցիոն հանցագործությունների:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ երկրները որոշում էին ընդունել դադարեցնել իրենց մասնակցությունը Սոչիում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի նախապատրաստմանը: