Ամերիկացի օրենսդիրները դիտարկում են ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, ռուսական հասարական հաստատությունների եւ մասնավոր ներդրողների ակտիվների սառեցման հնարավորությունը, ինչպես նաեւ մուտքի ու ելքի արգելքի սահմանում՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ձեռնարկած քայլերի հետ: Այդ մասին մարտի 3-ին հայտարարել է ամերիկացի սենատոր, ԱՄՆ-ի Սենատում Եվրոպայի ենթակոմիտեի նախագահ Քրիս Մերֆին:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Քրիս Մերֆին նշել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ունենան էական ազդեցություն այն դեպքում, եթե Եվրոպայի գործողությունները դրանց հետ համահունչ չլինեն:

«Այս պահին ամենակարեւորն այն է, որ ԱՄՆ-ը գործի Եվրոպայի իր դաշնակիցների համաձայն: Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները մեծ նշանակություն չեն ունենա, եթե Եվրոպան շարունակի ապաստան մնալ ռուսական բանկերի եւ օլիգարխների ներդրումների համար»,- ընդգծել է սենատորը:

Ամերիկացի օրենսդիրները քննարկում են անցկացրել, թե օրենսդրական ինչ օգնություն կարող են ցուցաբերել ԱՄՆ-ի նախագայ Բարաք Օբամային վարչակազմին, երբ համապատասխան քայլերի մասին որոշում կայացվի Ուկրաինայում Մոսկվայի ռազմական գործողությունների դեպքում:

Քրիս Մերֆիի խոսքով՝ ԱՄՆ-ը հնարավորություն ունի պատժամիջոցներ կիրառել ռուսական բազմաթիվ բանկերի դեմ, որոնք վերահսկվում են Կառավարության կողմից, սառեցնել ինչպես ռուսական հասարակական հաստատությունների, այնպես էլ խոշոր անհատ ներդրողների հաշիվները, ինչպես նաեւ արգելել մուտքն ու ելքը: