ՄԱԿ Անվտանգության խորհրդում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը ԱԽ ամբիոնից Ռուսաստանի գործողություններն անվանել է «վտանգավոր ռազմական միջամտություն» Ուկրաինայի գործերին՝ հավելելով, որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, «որին պետք է վերջ տրվի», հաղորդում է Միացյալ Նահանգներում NEWS.am-ի թղթակիցը:

«Ոչինչ չի կարող արդարացնել Ռուսաստանի վարքագիծը»,- նշել է Փաուերը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի ներկայացուցչի վերջին ելույթին:

Դեսպան Փաուերն ընդգծել է, որ ռուսական պաշտոնական անձնանց հայտարարությունները «զուրկ են իրական հիմքերից» եւ պայմանավորված են բացառապես ռուսական շահերով: Նրա խոսքով՝ չկա որեւէ սպառնալիք էթնիկ ռուսների համար, ովքեր ապրում են Ուկրաինայում:

ՄԱԿ-ում Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ ընդհարում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային հայտարարությունից հետո այն մասին, որ Ռուսաստանը հայտնվել է «պատմության սխալ կողմում»: Օբաման զգուշացրել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները քննարկում են միջոցներ Ռուսաստանի «մեկուսացման» համար: