ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի երկժամյա հանդիպում էր ունեցել ազգային անվտանգության իր թիմի հետ, ԱՄՆ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
Ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի` հանդիպման ընթացքում Օբաման խորհրդականների հետ քննարկել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի «հետագա մեկուսացման» ուղիները` որպես Ուկրաինայում ռազմական միջամտության համար պատիժ: Աղբյուրը նաեւ ընդգծել է, որ տվյալ փուլում Վաշինգտոնը ցանկանում է «հասկացնել, որ ռուսները նախկինի պես հնարավորություն ունեն անհապաղ միջոցներ ձեռնարկել` իրավիճակի լարվածությունը թոթափելու համար, այլապես հակառակ դեպքում հետագայում նրանք կբախվեն միջազգային հանրության քաղաքական եւ տնտեսական այլ քայլերին», նշում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նշենք, որ Օբամայի մոտ հանդիպումից հետո ԱՄՆ-ն առաջին գործնական քայլերն արդեն ձեռնարկել է: Ըստ Ռեյթերի` Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին հայտնել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է բոլոր տեսակի ռազմական համագործակցությունները Ռուսաստանի հետ: Բացի դրանից, ԱՄՆ-ն սառեցնում է Ռուսաստանի հետ բոլոր առեւտրային եւ ներդրումային բանակցությունները, նշել է ԱՄՆ-ի Առեւտրի պալատի վարչության մամուլի քարտուղարը:
Միաժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչը հատկանշել է, որ ԱՄՆ-ն ունի մի շարք տնտեսական լծակներ, որոնք կարող է կիրառել Ռուսաստանին պատժելու համար: Ներկայիս ռուսական քաղաքականության շարունակության դեպքում` ԱՄՆ-ն մտադիր է սառեցնել ռուսական ակտիվները եւ Ռուսասանին դուրս թողնել «Մեծ ությակի» կազմից: Այնուամենայնիվ, Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ նախագահ Բարաք Օբաման շեշտն առաջին հերթին դնում է այն միջոցների վրա, որոնք չեն պահանջի ԱՄՆ-ի Կոնգրեսի միջամտությունը: Օբաման նաեւ լուրջ դիտարկում է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաներին վիզա տրամադրելու արգելքի կիրառման հնարավորությունը։



























