ԵՄ-ն Ռուսաստանին մինչեւ մարտի 6-ը ժամանակ է տվել` Ղրիմի թերակղզում իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, այլապես Մոսկվան ԵՄ-ի կողմից նպատակային պատժամիջոցների կենթարկվի, որը կարող է բացասական ազդել  ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա:  Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` ԵՄ-ի 28 անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի արտակարգ նիստի ավարտից հետո, որոնք քննարկել էին իրավիճակն Ուկրաինայում:  
«Եթե ռուսները իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ շատ արագ եւ որոշակի քայլեր չձեռնարկեն, ապա նրանց հետ կընդհատվեն մի շարք շփումներ: Հաշվի առնելով, որ հինգշաբթի օրը լինելու է ԵՄ-ի գագաթաժողովը, մինչ այդ իրավիճակի լարվածությունը թոթափելու բացակայությունը կնշանակի, որ այլ քայլերն ուժի մեջ են մտնելու», - ասել է Ֆաբիուսը լրագրողներին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: 

Հիշեցնենք, որ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ քայլեր պետք է դիտարկել ռուսական զինվորականների վերադարձն իրենց զորամասեր, ռուսական ռազմական ավիացիայի թռիչքների դադարեցումը, դեպի Ղրիմ ռուսական զորքերի եւ սպառազինության տեղաշարժի դադարեցումը: 

ԵՄ-ի արտակարգ գագաթաժողովը նշանակվել է մարտի 6-ին` Բրյուսելում, եւ այն պետք է քննարկի Ղրիմի իրավիճակը` Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ուժային գործողությունների հետ կապված, ինչպես նաեւ ԵՄ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ: