Կիեւում ԱՄՆ-ի դեսպանատանը հայտնի է բռնության ալիքի մասին, որը ծավալվել է Ուկրաինայի արեւմտյան եւ կենտրոնական հատվածներում, իսկ ամերիկյան մամուլը խեղաթյուրում է այդ երկրի իրական վիճակը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ անվտանգության խորհդրի նիստում պատասխանելով ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի այն դիտողությանը, թե Ուկրաինայում, մասնավորապես, Ղրիմում ռուս բնակչության անվտանգության մասին մտահոգությունները կեղծ են:
«Այն տպավորությունն է, թե տիկին Փաուերը (Սամանտա Փաուեր՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի դեսպանը) ամբողջ տեղեկատվությունը ամերիկյան հեռուստաալիքներից է ստանում: Իհարկե, եթե տեղեկատվությունը ամերիկյան հեռուստաալիքներից ստանայինք, ամեն ինչ հիասքանչ կլիներ. եղավ ժողովրդավարության ալիք, հետո վատ Յանուկովիչը փախավ, եւ դեմոկրատներն իշխանության եկան առանց որեւէ բռնության», — ասել է Չուրկինը՝ հավելելով, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատանը վաղուց հայտնի էր բռնության ալիքի մասին, որը ծավալվել է Ուկրաինայի արեւմտյան եւ կենտրոնական հատվածներում:
«Այդ մտահոգությունը ոչ միայն մենք ունենք, այլեւ Ուկրաինայի հարավային եւ արեւելյան շրջանների բնակիչները: Ես փորձում եմ պատկերացնել այն տեսարանը, երբ Օբաման այցելի Կալիֆորնիա, իսկ այդ նույն ժամանակ Սպիտակ տուն մտնի Միթ Ռոմնին, ամերիկյան Կոնգրեսն էլ, որտեղ, ինչպես հայտնի է, մեծամասամբ հանրապետականներ են, արագացված ընթացակարգով կողմ քվեարկի Օբամային անվստահություն հայտնելուն: Ինչպե՞ս դա կընդունի ամերիկյան հանրությունը: Դա ժողովրդավարությո՞ւն կդիտվի: Իսկ դա հենց այն է, ինչ կատարվեց Ուկրաինայում»,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:



























