Բելառուսը կցանկանար սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել չի պատրաստվում: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:

«Մենք երբեք չենք ասել, թե կցանկանայինք հենց վաղը ԵՄ անդամ դառնալ, թեեւ ապագա հեռանկարում ոչ ոք ոչինչ բացառել չի կարող», - նշել է Բելառուսի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր երկիրը Եվրոպայի հետ «նորմալ հարաբերությունների» է ձգտում:

Մակեյը նշել է, որ Բելառուսը պատրաստ է տնտեսական-առեւտրային եւ հումանիտար հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ, ինչպես նաեւ իր ավանդը ներդնել համաեվրոպական անվտանգությունն ապահովելու գործում, հայտնում է gazeta.ru-ն:

Ըստ պաշտոնյայի՝ դրանով բելառուսները կսկսեն զգալ ԵՄ-ի ձգողականությունը: «ԵՄ-ն  նույնպես պետք է հոգ տանի բելառուս ժողովրդի աչքում իր իմիջի մասին», - BNS-ի հետ հարցազրույցում նշել է նախարարը: