Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաեւ առցանց տարբերակով:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաեւ համապատասխան փաստաթղթեր:
2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել: Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ստացել են իրենց պատասխանները:
Առցանց դիմումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում տանը կամ ցանկացած վայրում, օգտվելով համակարգչից, դիմում հղել ու նաեւ պատասխան ստանալ:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի կայքը հնարավորություն է տալիս նաեւ տրամադրված բանալի կոդերի միջոցով առցանց հետեւել առձեռն, գրավոր ներկայացված դիմումի ընթացքին:




























