Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքում է մարզի Արտավազ համայնքում լարված իրավիճակի մասին լուրերը: Կովալենկո Շահգալդյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ռեմ Հովհաննիսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու է, եւ որպես կուսակցության անդամ՝ «նրան սատարում են, պետք է համայնքի կուսակիցներին ակտիվացնեն, որ իրենց թեկնածուն հաղթի»:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀԿ-ի եւ նրա մրցակից թեկնածուի միջեւ, Կոտայքի մարզպետն ասաց, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում: «Նախ, այդ համայնքի բնակիչ չէ, մի ուրիշ համայնքից եկել է պատահական, իրենց մեջ խնդիրներ են ունեցել, ուղղակի շահարկում է եւ կապում է ընտրությունների հետ: Ես կարծում եմ, որ այդ ամենը կապ չունի ընտրությունների հետ: Նորմալ, գրագետ ընտրարշավ է արվում, մենք էլ ապահովում ենք ընտրարշավի օրինականությունը»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ «Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է։ Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են։ Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին, ահաբեկում է։ «Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ։ Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու։ Նրան խփել են՝ ասելով թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,– «Ժողովուրդ»-ին հայտնել էր թեկնածու Աշոտ Մարգարյանը։

Սակայն համայնքի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը հերքեց լուրը։ Բնականաբար, մեղադրանքները չընդունեց նաեւ Կովալենկո Շահգալդյանը»,– գրում է թերթը։