Ուկրաինայի համար ոչ մի պատերազմ էլ չի լինի,  Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման ոչ մի իրական պահանջ չկա: Այս մասին մարտի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով որպես ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի ԶՈՒ-ի միջամտության հնարավորությանը:

Ըստ նրա՝ անհնար է պատկերացնել, որ պատերազմ է, ավելին, «խեղճ» Ռուսաստանը չի կարողանում տակից դուրս գալ եւ նրան ղրղըզական, ղազախական կամ հայկական զորքեր են հարկավոր ասենք Սիմֆերոպոլը գրավելու համար:

Մամուլի ասուլիսի մեկ այլ բանախոս, «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը նշեց. «ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են միջամտել, եթե երկրներից մեկը ագրեսիայի է ենթարկվել: Չեմ կարծում, թե Ռուսաստանը որեւէ երկրի կողմից հարձակման կենթարկվի եւ ՀԱՊԿ անդամ երկրների օգնության կարիքը կզգա: Եկեք հուսանք, որ նման բան չի լինի, եւ ՀՀ իշխանությունները կպահպանեն գոնե եղած լռությունը »:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am