Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն արդեն միայնակ չի պայքարելու Մշակույթի նախարարության` Գառնիի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող սրճարանի դեմ. պայքարին միանում է նաեւ Կոտայքի մարզպետարանը: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը:

«Երեկ գյուղապետին կանչել են մարզպետարան ու համոզել, որ առանց մարզպետի թույլտվության ոչ մեկն իրավունք չունի սրճարան կառուցել Գառնիի տաճարի տարածքում: Այս պատասխանը գոհացրել է Աշոտ Վարդանյանին եւ դրա համար այսօր չի եկել լրագրողների հետ հանդիպման»,- ասաց Լիա Բախշինյանը` ընդգծելով, որ եթե մարզպետը ոչինչ չանի, գյուղապետը նորից կսկսի պայքարը:

Չնայած այս ամենին` զբոսավարները շարունակելու են պայքարը: Լիա Բախշինյանի խոսքով` անընդունելի է հոգեւոր վայրում սրճարան կառուցելը:

«Սրճարան ցանկանում են կառուցել այն բարձունքի վրա, որը տաճարի սիրտն է: Նույնն է, ոնց որ եվրոպական հայտնի մշակութային վայրերում տեսնենք սրճարաններ: Անհնարին է, նման բան ոչ մի տեղ չեք տեսնի»,- նշեց նա:

Լրագրողների հետ հանդիպմանը եկել էին նաեւ ակտիվիստներ, ովքեր իրենց հետ բերել էին ապացույցներ:

«Վանդալիզմ է կատարվում Գառնիում: Մարտի երկուսին մենք դրանում համոզվեցինք: Ավազի եւ ցեմենտի հետ շաղախված են կավի կտորներ, որոնք ապացուցում են, որ դրանք հնադարյան իրերի կտորներ են»,- ասաց նրանցից մեկը:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է եւ կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է եւ դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ: