Կուտակայինի դեմ պայքարին մասնակցելու պատճառով աշխատանքից ազատված Մետրոպոլիտենի շարժասանդուղքի 3 մեքենավարների՝ Գագիկ Գալստյանի, Սեւակ Հովհաննիսյանի եւ Անդրանիկ Գեւորգյանի համար փետրվարի 24-ին բացված հաշվեհամարներին փոխանցվել է ընդհանուր առմամբ 90 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասաց Գագիկ Գալստյանը:

«Մեկ շաբաթ առաջ են բացվել հաշվեհամարները, ու արդեն յուրաքանչյուրիս հաշվեհամարին փոխանցել են 30 հազար դրամ»,- ասաց նա:

Գագիկն ու ընկերները մարտի 3-ին դիմել են դատարան: Մի քանի օրից հայտնի կլինի դատական առաջին նիստի օրը:

«Այս ամբողջ ընթացքում էլ շարունակում ենք աշխատանք փնտրել, տարբեր առաջարկներ են լինում, որոնց պայմանները սակայն մեզ չեն գոհացնում: Հիմա մի առաջարկ կա, որը մեզ ձեռնտու է: Ամենայն հավանականությամբ շուտով կանցնենք աշխատանքի»,- նշեց Գագիկը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Երեւանի Մետրոպոլիտենի  մոտ երկու տասնյակ աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից հավաքվել էին Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ՝ բողոքելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը փետրվարի 14-ին տարածել էր հաղորդագրություն, ըստ որի ակցիայից հետո երեք աշխատակից՝ Անդրանիկ Գեւորգյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Գագիկ Գալստյանը հեռացվել են աշխատանքից: Մինչդեռ Մետրոպոլիտենի մամուլի բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ աշխատանքից ազատված մեքենավարները «հազար անգամ թուքումուր կերած մարդիկ են»: Աշխատանքից ազատված երիտասարդների համար հաշվեհամարներ էին բացվել: