Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մարտի 3-ին հանդիպել են փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որն էլ հայտնել է՝ Գառնիի արքունական բաղնիքի դիմաց կառուցվող սրճարանի շինարարական թույլտվություն տալիս է «միայն ու միայն համայնքի ղեկավարը»: Այս մասին NEWS.am-ին ասաց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու այսօր՝ մարտի 4-ին, չէր եկել լրագրողների հետ հանդիպման:

«Ի՞նչ կարիք կար ասուլիսի գալու, եթե մարտի 3-ին փոխվարչապետը հստակ ասաց, որ շինթույլտվություն տալիս է միայն ու միայն համայնքի ղեկավարը»,- ասաց գյուղապետը:

Անդրադառնալով Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի՝ փետրվարի 26-ին ոստիկանություն դիմելու եւ գյուղապետի դեմ հաղորդում տալուն, Աշոտ Վարդանյանն ընդգծեց, որ ոստիկանությունն էլ ոչինչ անել չի կարող. «Ինձ կանչել են ոստիկանություն, հարցաքննել են, բաժանվել ենք շատ լավ, ինձ ոչ մեկը չի փորձել նեղացնել: Քրեական գործ հարուցելու ոչ մի հիմք էլ չկա, որովհետեւ ես օրինական եմ դադարեցրել շինարարությունը»:

Նշենք, որ մարտի 2-ից դադարեցված է սրճարանի շինարարությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է եւ կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է եւ դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ: