Մինեսոտայում գյուղատնտեսը մոտ 15 մետրանոց հսկայական ձնեմարդ է պատրաստել: Գրեգ Նովակը դրա համար ամսից ավելի ժամանակ է ծախսել:  «Պապիկ» անվանումն ստացած ձնեմարդու համար օգտագործված ձյան ծավալը հայտնի չէ, գրում է St. Cloud Times-ը:

Ըստ Նովակի՝ Պապիկի պատրաստման համար օգտագործվել է իր ջերմատների տանիքին կուտակված ձյունը: Նա այդ որոշման է հանգել, երբ ջերմատներից մեկի տանիքը փլուզվել է:

Գյուղտեխնիկայի օգնությամբ նովակը ձյունը այլ վայր է տեղափոխել, իսկ այնուհետեւ դրանից կոներ պատրաստել, որոնք ձնեմարդու հիմքն են դարձել, հաղորդում է Lenta.ru-ն:

Տնտեսության սեփականատերը խոստովանել է, որ երբեմն ինքը ցանկանում էր  թողնել  ձնեմարդ պատրաստելը, քանի որ կասկածում էր իր մտահղացման հաջողությանը: Այնուամենայնիվ, Նովակը որոշել է սկսածն ավարտել:  Ըստ նրա՝ Պապիկի նպատակն է ուրախացնել բոլորին: Նահանգի որոշ բնակիչներ տասնյակ կիլոմետրեր անցնելով  գալիս են այն տեսնելու: