«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 7-ին բողոքի ակցիա է կազմակերպում Ֆինանսների նախարարության մոտ: Այս մասին հայտնում է նախաձեռնության կայքը: 

«Մարտի 7-ին ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ՝ մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողությունների կապակցությամբ:

Այլեւս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաեւ ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր եւ կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու եւ ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Ուստի եւ մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որեւէ սահմանազանցում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք չեն գանձել կուտակային 5% պարտադիր վճարը եւ սպասում են Սահմանադրական դատարանի՝ մարտի 28-ի որոշմանը: