Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն համագործակցում է «Ի-Վի Քոնսալթինգ»-ի հետ, իսկ վերջինս ունի էական եւ մեծ ազդեցություն կառավարության տնտեսական քաղաքականության ձեւավորման վրա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը մրցակցային արդար դաշտի ձեւավորումն է, եւ եթե այդ ուղղությամբ արձանագրվի էական եւ շոշափելի առաջընթաց, ապա գործադիրն իր հիմնական առաքելությունն առաջիկա տարիների համար իրականացրած կլինի:

«Մենք կարեւորում ենք այս հանգամանքը, որովհետեւ հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է: Տնտեսական համակարգի շարժիչը տնտեսություն վարող սուբյեկտների համար հավասար պայմաններն են, որոնց ազդեցությունը տնտեսության վրա շատ ավելին է, քան մյուս գործոններինը: Այստեղ կարեւոր են մասնավոր հատվածի գնահատականները, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք եւ գնանք առաջ»,- ասել է վարչապետը: 

Կառավարության ղեկավարը երկրորդ հիմնարար խնդիր է համարում  Հայաստանում ֆինանսական միջոցների արդյունավետ վերաբաշխումը, ինչի արդյունքում պետք է լուծել կարեւորագույն քաղաքական խնդիրը՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացումը: Դա, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական լուրջ բովանդակություն ունեցող հարցադրում է, քանի որ քաղաքացիական հասարակությունը չի կարող ձեւավորվել առանց միջին խավի:

Վարչապետը կառավարության երրորդ կարեւորագույն խնդիրը համարում է ինտելեկտուալ կարողությունների ձեւավորումը, քանի որ պետությունն այսօր ունի բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, եւ առանց նրանց հնարավոր չէ իրականացնել տնտեսական բարեփոխումներ:

Անդրադառնալով մասնավոր հատվածի հետ համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Կառավարությունն այլեւս իրավունք չունի ձեռքերը լվանալ եւ ասել՝ բիզնեսն ինքը պետք է կարողանա գտնել խնդիրների լուծումները: Դրա համար էլ կառավարությունն սկսել է իրականացնել ակտիվ արդյունաբերական քաղաքականություն: Մի քանի հարյուր ոլորտներից բացահայտեցինք այն 11 ուղղությունները, որտեղ ունենք ներուժ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ պետությունն առաջին անգամ պարտավորություններ է ստանձնել մասնավոր հատվածի նկատմամբ, ինչը նախկինում երբեք չէր անում: Պետությունն առարկայական օժանդակություն պետք է ցուցաբերի այդ ոլորտների ձեռնարկություններին, որոնք պետք է ցույց տան, որ կարող են պետության հետ ձեւավորել նոր միջավայր:

«Արդեն արձանագրում ենք դրական տեղաշարժեր: Օրինակ չափազանց ոգեւորում է դեղագործության ոլորտը, որտեղ արտահանման ծավալները տարեկան 35 տոկոսի աճ են ցույց տալիս: Մասնավոր ընկերությունները կատարում են համարձակ ներդրումներ, բացահայտում` նոր շուկաներ, ներդնում` նոր չափանիշներ: Այս փորձը մասնավոր հատվածի համար պետք է դարձնենք տեսանելի, որպեսզի լինի վստահություն, որ պետություն-մասնավոր համագործակցությամբ կարող ենք առաջ գնալ: Ընդ որում, այն ձեռնարկությունները, որոնց օժանդակում ենք, միջին ձեռնարկություններ են, ինչը քաղաքական առումով մեր առաջնահերթություններից է»,- նշել է վարչապետը:  

ՀՀ կառավարության ղեկավարը փաստել է, որ զգալի արդյունքներ են արձանագրում նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները: Այս բնագավառում, վարչապետի խոսքով, պետության եւ մասնավորի համագործակցությունն օպերատիվ է, չկա որեւէ խնդիր, որը չքննարկվի: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՏՏ բնագավառը մեծ թափով զարգանում է եւ այսօր գտնվում ենք այս ոլորտի զարգացման որակական նոր փուլի առջեւ. պետք է կատարել նոր քայլ, որը նոր դռներ է բացելու այս բնագավառի զարգացման համար:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ մասնավոր հատվածի նախաձեռնությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը: «Վենչուրային կապիտալը հայտնվում է այն բնագավառում, որտեղ կա նոր գիտելիք: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ ՏՏ ոլորտում արդեն հասել ենք այնպիսի մակարդակի, որ Համաշխարհային բանկի եւ մասնավոր հատվածի վերլուծությունները ցույց տվեցին, որ կարելի է ստեղծել Վենչուրային հիմնադրամ: Վերջինս հենց ՏՏ բնագավառից էլ կսկսի իր գործունեությունը, որովհետեւ այս ոլորտում ունենք արդյունավետ գործող 300 ընկերություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառում կան ուղղություններ, որտեղ աշխարհում Հայաստանն ունի իր ուրույն տեղը: Այդ առումով, Տիգրան Սարգսյանին հաճելիորեն զարմացրել է «Մենթոր Գրաֆիկս կորպորացիա»-ի նախագահ Գրեգորի Հինկլի ելույթը, ըստ որի՝ աշխարհում չիպերի դիզայնի արտադրության բնագավառում Հայաստանն ունի հինգ տոկոս մասնաբաժին: Դա, կառավարության ղեկավարի դիտարկմամբ, երկու անգամ ավելին է, քան մեր երկրում արտադրվող կոնյակի տեսակարար կշիռը համաշխարհային արտադրության մեջ:

Տիգրան Սարգսյանը նաեւ կարեւորել է անդրազգային կորպորացիաների մուտքը Հայաստան, քանի որ վերջիններս բերում են նոր մշակույթ, միջավայր, պահանջում խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ, ստեղծում մրցակցային հավասար դաշտ։ Այդ տեսակետից, վարչապետի խոսքով, այն խոշոր անդրազգային ընկերությունները, որոնք հայտնվել են մեր երկրի շուկայում, իրենց հետ բերել են այդ փորձն ու մրցակցային նոր միջավայրը:

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը եւ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը ներկայացրել են «Աճի հրամայականը եւ խոչընդոտները» թեմայով: Զեկույցի թեման երկարաժամկետ եւ կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Զեկույցը նպատակաուղղված է պետական եւ մասնավոր հատվածների միջեւ երկխոսության ձեւավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը: