Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից Ռազմական կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա մարտի 5-ին Մոսկվայում: Այն կղեկավարի Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը: Կոմիտեի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը:
Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել «ռազմաքաղաքական իրավիճակը եւ նրա զարգացումը, հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերները եւ սպառնալիքները», ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացումը եւ այլն:



























