Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ուկրաինական դեպքերի հետ կապված շտապ խորհրդակցության է հրավիրել երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին եւ ԱԳ փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նստավայրում նախագահի, ԱԳ նախարարի եւ ԱԳ փոխնախարարի միջեւ 1 ժամ 45 րոպե տեւած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու Ղրիմի թաթարների անվտանգության հարցերը։

Ահմեդ Դավութօղլուն նախագահին հայտնել է, որ Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր հանդիպումների մասին, ինչպես նաեւ եվրոպական երկրների 9 արտգործնախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների մանրամասները։

Դավութօղլուն նշել է, թե Թուրքիան կարեւորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ այդ մասին հայտնել է նաեւ եվրոպական երկրների ղեկավարությանը։

Անդրադառնալով Ղրիմի թաթարների անվտանգության հետ կապված խնդրին, Դավութօղլուն ասել է, որ ցանկանում է այդ հարցով հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար սերգեյ Լավրովի հետ։

Նշենք,որ ավելի վաղ Դավութօղլուն ընդունել էր Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին, որի ժամանակ հայտարարել էր, թե հարկ եղած դեպքում Թուրքիան առաջին օգնության կհասնի Ղրիմի իրենց ազգակիցներին։