Ուկրաինայում իշխանության զավթումը լավ էր նախապատրաստված, արեւմտյան ինստրուկտորները լավ են ջանացել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այդ ամենը լավ էր նախապատրաստվել: Արեւմտյան ինստրուկտորները լավ են ջանացել: Սակայն եթե իշխանությունը ուժեղ լիներ, ազգայնականները չէին կարողանա հասնել այն ջարդերին, որոնց արդյունքն այսօր տեսնում ենք»,-հայտարարել է Պուտինը՝ պատասխանելով Ուկրաինայում իրավիճակի վրա հնարավոր օտարերկրյա միջամտության վերաբերյալ հարցին:

«Ինձ երբեմն թվում է, որ Ամերիկայում ինչ-որ ջրափոսի մոտ նստած են ու ինչպես առնետների վրա էքսերիմենտներ են անում՝ առանց հասկանալու իրենց արարքների հետեւանքները: Թե ինչու են նրանք դա անում, պատասխան չկա»,-ասել է նախագահը: