Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերն իրականացվում են ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է շինհրապարակում, այցելել կառուցվող բնակարաններ ու ծանոթացել պայմաններին: Արսեն Քարամյանը նշել է, որ բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենք, որոնցից 5-ը՝ 338 բնակարաններով, շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած 7-ը՝ 490 բնակարաններով, 2015թ. հուլիս ամսին: Նա նաեւ հավելել է, որ շենքերը կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի մայրաքաղաքի այս հատվածում բնակիչների համար ապահովվի հարմարավետ քաղաքային միջավայր. «ՀՀ նախագահի հովանու ներքո 2008թ.-ից մեկնարկած այս ծրագրի շրջանակում արդեն 5 բազմաբնակարան շենքեր հանձնվել են շահագործման: Առաջիկա ամիսներին կավարտվի եւս 5-ի շինարարությունը: Եվ հաշվի առնելով, որ արդեն ձեւավորվում է առանձին թաղամաս, անհրաժեշտություն է առաջանում ապահովել նաեւ բնակիչների հարմարավետությունը: Վստահ եմ՝ բոլորդ եք համոզվել, որ քաղաքապետարանը միշտ էլ պատրաստակամ է նման ծրագրերին իր մասնակցությունն ունենալու եւ տարածքի բարեկարգման ու մեր համաքաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Ի դեպ, այս ծրագրի շրջանակում եւս 2 շենք էլ կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, եւ այնտեղ եւս քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները կապահովեն բնակիչների համար անհրաժեշտ պայմանները: Իսկ բնակարանների շահագործման հանձնելուց հետո մենք այստեղ նաեւ տրանսպորտային նոր երթուղիներ կավելացնենք: Ի դեպ, դեռ 2012 թվականին, երբ քաղաքապետարանի ճանապարհաշինական ծրագրերով իրականացրեցինք Ավանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին կապող ճանապարհի բարեկարգման աշխատանքները, որը շուրջ 40 տարի փակ էր, նաեւ այս նպատակով էինք նախաձեռնել եւ այն այսօր ամբողջովին երթեւեկելի է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին Ծարավ Աղբյուրի փողոցի այս տարածքները խիտ բնակեցվելու են եւ նորակառույցների հարեւանությամբ գտնվող ՀՀ ներքին զորքերի զորամասն էլ տեղափոխվելու է այլ վայր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է զորամասի տեղում քաղաքային պուրակ եւ մանկապարտեզ կառուցելու հնարավորությունը: Տեղում ծանոթանալով մանկապարտեզի եւ պուրակի նախագծերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել պուրակի ձեւավորման եւ մանկապարտեզի կառուցման աշխատանքներն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, պուրակի կառուցումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում, իսկ մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին: Վերոնշյալ ծրագրերը կիրականացվեն Երեւանի քաղաքապետարանի կողմից. «Հստակ հանձնարարականներ տրվեց պատասխանատուներին, որպեսզի նախագծերը բերեն վերջնական տեսքի եւ սկսենք աշխատանքները: Պետք է նշեմ, որ շուրջ 230 երեխաներ հնարավորություն կունենան հաճախելու այդ մանկապարտեզ: Ընդ որում, նոր մանկապարտեզից եւ այգուց կօգտվեն ոչ միայն այս բազմաբնակարան շենքերի, այլեւ հարակից տարածքների բնակիչները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի կողմից բնակարաններով ապահովման սոցիալական այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ ՀՀ դրամ եւ դրանք իրականացվում են ՀՀ երիտասարդ լրագրողների, բժիշկների, մանկավարժների, մարզիկների, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական եւ հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետների համար:
Պատասխանատուները վստահեցրել են քաղաքապետին, որ ծրագրի շրջանակում կկառուցվեն նաեւ մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ, ծառուղիներ եւ տարածքն էլ կապահովվի արտաքին լուսավորության նոր համակարգով:




























