Երեւանի Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Նորայր Մ.-ն մեղադրվում է նախկին նշանածի տան պատուհանները կոտրելու եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Նորայրը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է նախկին նշանածի՝ Լ.Գրիգորյանի բնակարան, կանգնել բնակարանի դռան մոտ, շուրջ 30 րոպե բղավել, սեռական բնույթի հայհոյանքներ հասցրել: Այնուհետեւ 26-ամյա երիտասարդը կոտրել է ննջասենյակի պատուհանի ապակին՝ դիտավորությամբ կոպիտ խախտելով հասարակական կարգը:
Նորայր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 12-ին:




























