Երեւանի Ջրվեժ թաղամասի 26-ամյա բնակիչ Երջանիկ Խ.-ն մեղադրվում է Լուսինե Ս.-ի տնից գողություն կատարելու, վերջինիս ապտակելու եւ աջ այտը կծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 28-ին: Երջանիկը գողություն կատարելու նպատակով նույն օրը կեսօրին մտել է Գարեգին Նժդեհի փողոցի 7 շենքի 42 բնակարան: Տեսնելով, որ բնակչուհի Լուսինե Ս.-ն դիմադրում է եւ չի ցանկանում տալ դրամապանակը՝ Երջանիկը երկու անգամ ապտակում է եւ նրա աջ այտը կծում: Դրանից հետո 26-ամյա երիտասարդը հափշտակել է 422 հազար դրամ եւ բաց պատշգամբից դիմել փախուստի:
Երջանիկ Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 12-ին:




























