Նախքան Մայդանը այդ երկրում շատերը դեպքերին վարդագույն ակնոցով էին նայում, բայց այժմ հասկացան, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Այս մասին  մարտի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Ըստ նրա՝ եթե նախկին խորհրդային այդ երկրում ակնկալում էին, որ իշխանափոխությունը առաջընթացի կհանգեցնի, ապա տեղի ունեցավ հակառակը. Դա նրանց մի քանի տարով հետ գցեց:

Իր հերթին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը նշել է.  «Թող Ուկրաինայի իրադարձությունները դաս լինեն Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության համար: Իշխանությունները պետք է լսեն մարդկանց ձայնը, չկարծեն, թե օրենքը բոլորի համար է, բացի իրենցից, որպեսզի Հայաստանում նույնպես Մայդան չլինի»: Ըստ Պողոսյանի՝ Ուկրաինայի առաջ բազում հնարավորություններ կան, եւ «ինչ ընտրություն էլ որ կատարի Ուկրաինայի ժողովուրդը, մենք պետք է հարգենք այն»: Թեւան Պողոսյանը կանխատեսումներ անելը սխալ է համարում: «Ավելի լավ է դիտարկել, թե Հայաստանն ինչ պետք է անի՝ նման իրավիճակից խուսափելու համար», - նշել է նա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am