Լոս-Անջելեսում Քալիֆորնիայի համալսարանի ջրագնդակի հավաքականի նախկին խաղացող Հակոբ  Ջեկ Ղափլանյանին մեղադրանք է ներկայացվել բռնաբարության եւ այլ քրեական հանցանքների համար, չնայած նրան, որ նրա ընտանիքը հրապարակայնորեն հայտարարել էր նրա անմեղության մասին: Այդ մասին գրում է «KTLA» կայքը՝ վկայակոչելով Լոս-Անջելեսի շրջանային դատախազությանը:

Գլենդելի 19-ամյա բնակիչ Հակոբ Ջեկ Ղափլանյանն իրեն մեղավոր չի ճանաչել երդվյալ ատենակալների մեղադրական վճռի հրապարակումից հետո: 2012թ.-ի հոկտեմբերից 2013թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում երեք կանանց վրա հարձակման մեջ մեղադրվող Ղափլանյանին ձերբակալել են ուրբաթ օրը: Նրան համալսարանից հեռացրել են ապրիլին, երբ առաջին անգամ ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով, այն բանից հետո, երբ ծանոթներից ինչ-որ մեկը հաղորդել էր, որ Ղափլանյանը բռնաբարել է իրեն համալսարանական հանրակացարանում: Այն ժամանակ նրա փաստաբան հանդիսացող Բերջ Ագոպօղլուն լրատվամիջոցներին իր գրասենյակ մամուլի ասուլիսի էր հրավիրել, որի ընթացքում Ղափլանյանը հայտարարել էր, որ անմեղ է: Նրա մայրը դեռ առաջին ձերբակալության ժամանակ էր հայտնել, որ նա անմեղ է:

Սկզբնապես շրջանային դատախազը հրաժարվել էր ձերբակալությունից հետո Ղափլանյանին մեղադրանք ներկայացնել՝ այդ կերպ ուրախացնելով նրան ու նրա կողմնակիցներին: Երկուշաբթի փաստաբանը հայտարարել էր, որ այլեւս չի ներկայացնում Ղափլանյանի շահերը: «Որպես նրա նախկին փաստաբան՝ այլեւս չեմ կարող խոսել նրա անունից, սակայն պետք է ասեմ, որ նա միանգամայն անմեղ է»,- նշել է Ագոպօղլուն:

Ղափլանյանին մեղադրում էին բռնաբարության, ուժի գործադրմամբ ազատությունից անօրինական զրկելու, անչափահասի մասնակցությամբ սեռական գործողության վերաբերյալ տեսանյութերի տիրապետման, բռնաբարելու նպատակով հարձակման, ինչպես նաեւ սեռական բնույթի բռնի գործողությունների համար:

Մեղադրական վճռի համաձայն՝ մանկական պոռնոգրաֆիայի պահպանությունը կապված է «տեսանյութերի եւ համակարգչային սարքավորումների պատկերների, տվյալների պահպանության միջոցների պահպանման» կանխամտածված տիրապետման հետ 2013թ.-ի ապրիլի 30-ին, այն բանից հետո, երբ շրջանային դատախազության գրասենյակը սկզբնապես հրաժարվել էր բռնաբարության մեղադրանք ներկայացնել: Ղափլանյանի երեք ենթադրյալ զոհերի մասին նշվել է մեղադրական վճռում անվամբ եւ ազգանվան առաջին տառով: Մեղադրական կետի շրջանակներում սեռական բնույթի բռնի գործողությունների գործում մասնակից է նաեւ անհայտ հանցակից:

Դատավորը Ղափլանյանի համար 590 հազար դոլարի չափով գրավ է նշանակել: Նրա նոր փաստաբան Ջորջ Մգդեսյանը Լոս-Անջելեսի դատարանից դուրս հայտարարել է, որ «որոշ հարցազրույցներում» ենթադրյալ զոհերը հայտարարում էին, որ «սեքսով զբաղվել են համատեղ ցանկությամբ»: «Նրանց հայտարարություններում շատ անհամապատասխանություններ կան: Կան շատ հարցեր, որոնք ըստ իս, ազդում են հայտարարությունների հավաստիության վրա»,- ասել է Մղդեսյանը:

Մեղադրվողի ընտանիքը երաշխավորողին դատարանի դահլիճ է բերել, եւ Ղափլանյանին կալանքից ազատել են գրավի դիմաց: Նա պետք է ներկայանա հաջորդ դատական նիստին ապրիլի 29-ին: Նրան սպառնում է 37 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի իրեն ներկայացվող մեղադրանքների համաձայն: