Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից:

Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երեւանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին: Ոստիկանը ռադիոկապով օգնություն է խնդրել, քիչ անց դեպքի վայր են հասել ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները, սակայն երիտասարդները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Ժորա Ղ.-ն, 1986 թ. ծնված Վահան Բ.-ն, 1990 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1989 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն եւ 1986 թ. ծնված Արա Ք.-ն, որոնք բերման ենթարկվելիս խոչընդոտել են ոստիկաններին, սպառնացել, հայհոյանքներ տվել, իսկ Արա Ք.-ն գլխով հարվածել է ոստիկանի գլխին, Մարաշի բաժանմունքում էլ դիտավորությամբ հարվածել եւ կոտրել է միջանցքի մուտքի դռան ապակին:

Բերման ենթարկվածները բաժանմունքում շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսեւորել, հայհոյել են եւ տեւական ժամանակով խանգարել բաժանմունքի բնականոն աշխատանքը:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 3-ի կեսգիշերին «Անգել» կարաոկե ակումբում թեժ ծեծկռտուք է եղել մի խումբ երիտասարդների միջեւ: Նախ նրանք ակումբում վիճաբանել են, ապա դրսում շարունակել ծեծկռտուքը, որին կարճ ժամանակ անց միջամտել է տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանը: Սակայն վերջինիս միջամտությունը եւս չի հանդարտեցրել երիտասարդներին, նրանք փորձել են դիմադրություն ցույց տալ ու շարունակել ծեծկռտուքը:

Ոստիկանը ստիպված է եղել ռադիոկապ տալ ու կանչել այլ իրավապահների, որոնց ժամանելուց հետո դարձյալ երիտասարդները չեն ենթարկվել նրանց պահանջներին: Ի վերջո հաջողվել է խմբին բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: