Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երեւանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը առաջ է ընթանում բավականին արդյունավետ, չկան հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը համաձայնության չի եկել ՄՄ անդամ երկրների գործընկերների հետ:
Այնուհետեւ վարչապետը ներկայացրել է մեր երկրի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են: «Մենք պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, թե ինչ փուլերով եւ ինչ ժամանակահատվածում ենք փոփոխելու մաքսատուրքերը: Կան ապրանքներ, որոնք ունեն էական նշանակություն մեզ համար:
Առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից: Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:
Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք եւ բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն եւ մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի:
Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, եւ այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:
Միասնական կանոններ պետք է ներդրվեն նաեւ ֆիտոսանիտարիայի բնագավառում, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն ՄՄ կանոններին եւ չափանիշներին:
Տիգրան Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է եւ ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:
«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով նպաստենք ձեռնարկությունների հզորությունների ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարեւորել է ՄՄ-ին անդամակցության բանակցային գործընթացի ընթացքում երկխոսությունը Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որպեսզի հայրենական արտադրողներն ամբողջությամբ իրազեկ լինեն հնարավոր փոփոխություններին:
Տիգրան Սարգսյանը միության անդամներին մաղթել է բեղմնավոր աշխատանք եւ կաեւորել կառավարության հետ համագործակցությունը:




























