Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 86 հասարակական կազմակերպություն:
Այսօր՝ մարտի 4-ին, տեղի ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։
Նիստի ընթացքում բացվել են Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվել հայտատու կազմակերպությունների անունները։
Դրամաշնորհ ստանալու համար 19 անվանակարգում դիմել է 86 հասարակական կազմակերպություն։ Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ նախագահ աշխատակազմից հատկացվող դրամաշնորհի համար դիմել էր 19 կազմակերպություն։
Մրցութային հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին կուսումնասիրեն ՀԿ-ների ներկայացրած փաթեթները եւ կորոշվեն հաղթող կազմակերպություններին։
Մրցութային հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բազարչյանը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի համար դիմողների թվի շուրջ 4,5 անգամ ավելացումը պայմանավորեց վստահության խնդրով։ «Հասարակական կազմակերպությունները շատ հեշտ են միմյանց հետ կապվում, եւ տեղեկատվությունը շատ արագ է փոխանցվում»,- նշել է Բազարչյանը։
Հանձնաժողովի անդամ Հայկ Մարկոսյանն էլ հատկապես ընդգծել է «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում», «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ» անվանակարգերը՝ շեշտելով, որ այդ խորագրերով ծրագրերը խիստ կարեւոր են ոչ պատերազմ-ոչ խաղաղություն պայմաններում ապրող երկրի համար։
Նիստին մասնակցում էին նաեւ մրցույթին հայտ ներկայացրած ՀԿ-ների ներկայացուցիչներ։ «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն ներկայացնող Արմեն Մարուքյանը կարեւորել է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերի ընդգրկումը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում։
«Ուզում եմ առանձնացնել «Հայոց ցեղասպանության՝ իբրեւ մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգը։ Մեր օրերում այն խիստ արդիական է, որովհետեւ համայն հայության համար խնդիր է ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլեւ հատուցման հարցը։ Իսկ դրան հնարավոր է հասնել միջազգային դատական ատյան դիմելու ճանապարհով, եւ ակնհայտ է, որ առաջանում է թղթածրարի պատրաստման խնդիրը»,- նշել է պարոն Մարուքյանը՝ շեշտելով, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված անվանակարգերը բավականին հստակ են եւ արդիական։





























