Ուկրաինայի շուրջ հակամարտության էսկալացիան սպառնալիք է Հայաստանի խաղաղության ու անվտանգության համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը:

«ՀԱՊԿ Կանոնադրության համաձայն՝ եթե ՆԱՏՕ-ն որոշում կայացնի ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ, ապա Հայաստանը որպես պայմանագրի անդամ-պետություն, այսպես թե այնպես, կներքաշվի հակամարտության մեջ: Բացի այդ, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, «Էրեբունի» օդանավակայանը, որոնք Թուրքիայի պատճառով կդառնան ռմբակոծությունների ուղղակի թիրախ»,-ընդգծել է նա:

Փորձագետի խոսքով՝ չի բացառվում, որ այդ իրավիճակում Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեն հարմար պահից՝ իրենց նպատակներին հասնելու: «Այսպիսով՝ մենք ու ՀԱՊԿ մյուս անդամները պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի թույլ չտանք Ուկրաինայի շուրջ իրավիճակի ավելի մեծ լարվածություն: Մենք պետք է հիշենք, որ պատերազմն այնպիսի փոքրիկ երկրների համար, ինչպիսին մերն է, կործանարար է»,-եզրափակել է քաղաքագետը: