Ուկրաինայի տարածքում մոտ օրերս ոչ մի ռազմական գործողություն եւ զինված հակամարտություն տեղի չի ունենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մաթեուշ Պիսկորսկին:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հույս է ներշնչում, որ ռազմական գործողություններ տեղի չեն ունենա: «Թվում է, որ ռուսական կողմը որոշակի փոխզիջումային լուծում է նախընտրում, որոնք հիմնված են իրավական սկզբունքների վրա՝ ելնելով Ուկրաինայի Սահմանադրությունից, ինչպես նաեւ համընդհանուր ստանդարտներից»,-ասել է Պիսկորսկին:
Նրա խոսքով՝ եթե Արեւմուտքը համաձայնի գոնե մասնակիորեն վերադառնալ փետրվարի 21-ի համաձայնագրին, որը դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել, եւ որի երաշխավորները Գերմանիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարներն են, այդ դեպքում հնարավոր կլինի որոշակի երկխոսություն սկսել եւ խաղաղ կարգավորել հարցը:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ դեռեւս անհրաժեշտության չկա զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք, բայց այդպիսի հնարավորություն կա: «Մեր զորավարժությունները, որոնք անցկացվել են վերջերս, որեւէ կերպ կապված չեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Զինվորականների մասնակցությունը ծայրահեղ միջոց է: Ուկրաինան մեր մոտ հարեւանն է, եղբայրական հանրապետություն: Ես վստահ եմ, որ ուկրաինացի եւ ռուս զինծառայողները կլինեն բարիկադի նույն կողմում»,-ընդգծել է Պուտինը:




























