Հրազդան գետում մեկ ամիս առաջ ձկների զանգվածային անկումը տեղի է ունեցել մեխանիկական պատճառներով, հաղորդում է «ԷկոԼուրը»:  

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին  Հրազդան գետում հայտնաբերվել էին սատկած ձկներ: Հաջորդ օրը «ԷկոԼուրի» թղթակիցը դեպքի վայրում հայտնաբերել էր նաեւ սատկած ագռավ: Եվ թռչունը, եւ սատկած ձկները ուղարկվել էին լաբորատոր ստուգման՝ պարզելու նրանց անկման պատճառը:

Այսօր՝ մարտի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացվել է լաբորատոր ստուգման արդյունքները. «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հետազոտված նմուշներում արսենի միացություններ /մկնդեղ/, ազատ հանքային թթուներ, հիմքեր , ծծմբաջրածին, սիանիդներ, ազոտական հանքային պարարտանյութեր, քլոր, օրգանական թունանյութերի մնացորդային քանակություններն չեն հայտնաբերվել»:

«Քանի որ թունավորում չի եղել, ձկների եւ ագռավի անկումը տեղի է ունեցել մեխանիկական պատճառներով. հոսանքահարում կամ պայթեցում»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Արմեն Վարդանյանը: Նա նաեւ նշել է, որ լաբորատոր ստուգման արդյունքները փոխանցված են նաեւ տեղի ոստիկանությանը, որտեղ էլ ընթանում է հետաքննությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա փետրվարի 4-ին, Երեւանի Դավիթաշենի կամրջից մինչեւ «Հաղթանակի» կամուրջ ընկած հատվածում` Զանգու գետում, ձկներ են սատկել եւ ափ դուրս եկել: