Հայաստանի արդյունաբերությունը Երեւանից դուրս թույլ է զարգացած: Այս մասին, Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության 15-ամյակին նվիրված համագումարում նշել է, միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա ընդգծել է, որ Երեւանին բաժին է ընկնում երկրի արդյունաբերության արտադրանքի 40,8 տոկոսը (կազմում է 1,24 մլրդ դրամ):

16,5 տոկոս բաժին է ընկնում Սյունիքի մարզին, որտեղ զարգացած է լեռնահանքային արդյունաբերությունը, սակայն Լոռիի եւ Շիրակի մարզերում, որոնք խորհրդային շրջանում զարգացած արդյունաբերություն ունեին, վիճակը տագնապալի է:

Լոռիի մարզի բաժինը Հայաստանի արդյունաբերական արտադրանքում կազմում է 6 տոկոսից մի փոքր ավելի, իսկ Շիրակի մարզինը՝ ընդամենը 3,4 տոկոս:

«Եվ սա Լոռիում, որտեղ ժամանակին գործել են Վանաձորի քիմիական համալիրը, «Ավտոգենմաշը», «Ավտոմատիկա» գիտահետազոտական ինստիտուտը, իսկ Շիրակի մարզում զարգացած էր թեթեւ արդյունաբերությունը, հաստոցաշինությունը եւ տուֆի արդյունահանումը»,-նշել է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ոչ միայն ընդհանրապես տնտեսության զարգացմանը, այլեւ դրա համաչափ զարգացմանը մարզերում: