Եթե նույնիսկ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ, իրականում այդ պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել նաեւ հենց եվրոպական պետությունների տնտեսության վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի գլխավոր տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մաթեուշ Պիսկորսկին:

Նրա համոզմամբ՝ ներկայումս մի շարք եվրոպական պետություններ տեղի գործարարների ազդեցության տակ սառն են վերաբերում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը: «Ուստի ես մտածում եմ, որ եթե նույնիսկ այդպիսի պատժամիջոցներ կիրառվեն, դրանք կկրեն շատ սահմանափակ եւ խորհրդանշական բնույթ»,-ընդգծել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Ժնեւում կայացած հանդիպումից հետո, Շտայնմայերը հայտնել է, որ եթե ԵՄ-ն մինչեւ մարտի 6-ը վճռական քայլեր չտեսնի Մոսկվայի կողմից, «կարծում եմ, ԵՄ խորհուրդը միջոցներ կձեռնարկի»: