Ռուսական ռուբլու անկման գլխավոր պատճառն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չէ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գլոբալացման  ու սոցիալական շարժումների ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը: Գլխավոր պատճառը Ռուսաստանի ներսում տնտեսական ակտիվության անկումն է, որն անդրադարձել է, մասնավորապես, տեղական սպառողական ապրանքների, ինչպես նաեւ ավտոմեքենաների եւ անշարժ գույքի վրա: «Հետեւաբար, սա չի կարող չանդրադառնալ բորսային ինդեքսների վրա»,- ընդգծել է Կոլտաշովը՝ նկատելով, որ վերջին երկու օրվա անկումն արդեն հաղթահարված է:

Նրա կարծիքով՝ ապագայում դոլարի փոխարժեքը կարող է հասնել 40 ռուբլու: Պատճառը նույնն է՝ ռուսական ապրանքներով ռուբլու ապահովվածության նվազում եւ ներկրման աճ:

Դոլարի անկումը չի կանգնեցնում նաեւ ՌԴ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, որը հունվարին անցավ լողացող փոխարժեքի քաղաքականության: Արդյունքը ռուբլու անկումն էր դոլարի ու եվրոյի նկատմամբ: Թեեւ երկրի տնտեսական ղեկավարները (օրինակ, Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը՝ խմբ.) խոսում են դրական ազդեցության մասին՝ տնտեսության վնասների կրճատման տեսքով, տնտեսական ակտիվության անկումը հիշեցնում է իր մասին:

«Առաջիկա ամիսներին կարելի է ռուբլու կայունության վերականգնում ակնկալել, սակայն նախկին դիրքերին այն դժվար թե վերադառնա»,- համարում է Կոլտաշովը: