Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա մի քանի օր առաջ «Վեդոմոստի» թերթում հոդված է հրապարակել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ռւոսական զորքերի մուտքը Ղրիմ:
Հաղորդվում է, որ Զուբովի «Դա արդեն եղել է» վերնագրով հոդվածը հրապարակվել է մարտի 1-ին, որտեղ պատմաբանը ռուսական զորքերի հնարավոր մուտքը Ղրիմ համեմատել է 1938-ին Երրորդ Ռեյխին Ավստրիայի միացման հետ: Զուբովը վստահություն է հայտնել, որ ռոզմական գործողության դեպքում Ռուսաստանը տարիների կտրվածքով զգալիորեն կվատացնի իր հարաբերություններն Արեւմուտքի եւ Ուկրաինայի հետ: Նա կոչ է արել քաղաքական գործիչներին «ուշքի գալ եւ կանգ առնել»:
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանել Զուբովին աշխատանքից հեռացնելու եւ դա նրա հոդվածի հետ կապելու մասին տեղեկությունները, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ Անդրեյ Զուբովը պատմական գիտությունների դոկտոր է, 5 մենագրությունների եւ մոտ 150 գիտական աշխատանքների հեղինակ:




























