Ռուսաստանը համաձայնել է հանդիպել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընդունել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջարկը՝ մարտի 5-ին հանդիպել եւ քննարկել Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը:

Հիշեցնենք, որ մարտի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռեւս Ուկրաինա զորք մտցնելու անհրաժեշտություն չկա, բայց նման հնարավորություն կա: «Մեր զորավարժությունները, որոնք անցկացվել են վերջերս, որեւէ կերպ կապված չեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Զինվորականների մասնակցությունը ծայրահեղ միջոց է: Ուկրաինան մեր մոտ հարեւանն է, եղբայրական հանրապետություն: Ես վստահ եմ, որ ուկրաինացի եւ ռուս զինծառայողները կլինեն բարիկադի նույն կողմում»,-ընդգծել է Պուտինը: