Չորրորդ սերնդի ՄիԳ-29 կործանիչի խմբաքանակը տեղ է հասել Հարավային ռազմական շրջանի Էրեբունի ռուսական ավիացիոն բազա կապիտալ վերանորոգումից հետո: Այս պահին ավիաբազայում ընդունում են ինքնաթիռներն ու նախապատրաստում դրանք շահագործման համար:

Ինչպես NEWS.am-ին հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Իգոր Գորբուլը, ՄիԳ-29 կործանիչը նախատեսված է օդում գերակայության նվաճման համար, երկրի վրա գտնվող թիրախների կործանման համար, ինչպես նաեւ օրվա ցանկացած պահին, ցանկացած եղանակային պայմաններում թշնամու ՀՕՊ միջոցների ոչնչացման համար: Սպառազինության կառավարման համակարգը ներառում է ռադիոլոկացիոն նշանակետային համալիր, օպտիական կայանն  եւ նշանադրման համակարգ:

Տարվա սկզբից ՄիԳ-29-ի օդաչուներն ավելի քան 50 հնարքային ուսումնական օդային մարտեր են իրականացրել, ինչպես մենամարտերի շրջանակներում, այնպես էլ խմբերի կազմում 500-8000 մ բարձրության վրա: