Բրիտանիայում արագ ինտերնետ չունեցող տները 20 տոկոսով ավելի էժան են: Ընդ որում, որոշ հաճախորդներ կտրականապես հրաժարվում են անշարժ գույք գնել առանց «համաշխարհային սարդոստայնին» միանալու հնարավորության:
Բրիտանիայում անշարժ գույքի շատ գործակալությունների փոխանցմամբ՝ գնորդների համար տանն ինտերնետի առկայությունն իր կարեւորությամբ երրորդ տեղում է՝ գազից եւ էլեկտրաէներգիայից հետո:
Այդուհանդերձ, Անգլիայում դեռեւս շատ վայրեր կան, որտեղ ինտերնետի արագությունը, լավագույն դեպքում, հասնում է վայրկյանում 2 ՄԲ-ի, ինչը բավարար է միայն էլեկտրոնային փոստը ստուգելուն եւ այլ մարդկանց հետ տեքստային շփման համար: Ներկայումս երկրի տարածքի 73 տոկոսն ապահովված է 30 ՄԲ արագությամբ ինտերնետով, իսկ կառավարությունը խոստանում է, որ 2017-ին այդ ցուցանիշը կհասնի 95 տոկոսի:
Նշվում է, որ դեռեւս 7-8 տարի առաջ գնորդները չէին հարցնում ինտերնետի առկայության մասին, 5-6 տարի առաջ ինտերնետի հասանելիությունը ցանկալի էր, բայց հիմա դա շատերի համար խիստ անհրաժեշտություն է:




























