Գերմանական RWE էներգոկոնցեռնը կառաջարկի Ուկրաինային գազ մատակարարել Լեհաստանի եւ Չեխիայի տարածքով անցնող գազատարով: Գերմանիան եւ Սլովակիան կարող են օգնել Ուկրաինային՝ գազի մատակարարման հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյուտեր Էթինգերը, հաղորդում է Reuters Deutschland-ը:

Նա նշել է, որ Ուկրաինան ամբողջությամբ կախված է ռուսական գազի մատակարարումներից, եւ հազար խմ-ի դիմաց 400 դոլար գինը լուրջ վնաս է հասցնում երկրին:

Ուկրաինան սպասում է ԱՄՀ-ի աջակցությանը, բայց ԵՄ-ն իր հերթին կուժեղացնի իր աջակցության միջոցները, հավելել է եվրահանձնակատարը:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել էր, որ Արեւմուտքը կարող է օգնել Ուկրաինային՝ վճարել ռուսական «Գազպրոմին» ունեցած պարտքը: Ռուսական գազից կախվածությունը կարող է կրճատվել Սլովակիայով անցնող գազատարի օգնությամբ: Էթինգերի խոսքով՝ այս թեման կքննարկվի Բրյուսելում, մարտի 19-ին, Ուկրաինայի էներգետիկայի նոր նախարար Յուրի Պրոդանի հետ: