Լիտվան արգելել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ եւս 17 ուկրաինացի նախկին պաշտոնյաների մուտքը իր երկիր: Ինչպես հաղորդում է լիտվական Delfi պարբերականը՝ վկայակոչելով BNS-ին, Լիտվայի ԱԳՆ-ն միգրացիայի դեպարտամենտին 18 անունից բաղկացած ցուցակ է ներկայացրել, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն:
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, որ ցանկը վերջնական չէ: «Ցանկում են Յանուկովիչը, բոլոր նախկին ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները: Ցանկը կընդլայնվի»,-ասել է Լինկյավիչուսը: Նրա խոսքով՝ ցանկում են մարդիկ, որոնք պատասխանատու են եղել երկրում անվտանգության եւ Կիեւում տեղի ունեցած իրադարձությունների համար:
Յանուկովիչի եւ նրա թիմի անդամների նկատմամբ պատժամիջոցներ է պատրաստում նաեւ Եվրամիությունը, բայց դեռ ամբողջական ցանկը պատրաստ չէ: Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը նախորդ ուրբաթ արդեն սառեցրել են նրանց բանկային հաշիվները: Լիտվայում այդ անձինք հաշիվներ չունեն, հստակեցրել է Լինկյավիչուսը:




























