Ռուսաստանի առաջնորդները փաստացի ինտերվենցիա կատարողներ են: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Կիեւում  կայացած մամուլի ասուլիսում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նա անվստահությամբ է վերաբերում ռուսական կողմի հայտարարություններին, որոնք վերաբերում են Ուկրաինայի արեւելքում եկեղեցիների վրա հարձակումներին, ռուս քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներին, ինչպես նաեւ Կիեւի նոր իշխանությունների կողմից Ղրիմում իրավիճակը լարելուն:
«Բոլորը շատ լավ գիտեն, որ Ղրիմում զինծառայողները ոչ մի անգամ չեն կրակել, չեն արձագանքել ոչ մի սադրանքի, իսկ իրենց շրջապատել են զորքեր, որոնք ներխուժել են տարածք»,-ընդգծել է Քերրին:

Միաժամանակ, նա հայտարարել է, որ արեւմտյան երկրները պատրաստ են դիմել Ռուսաստանի մեկուսացման, եթե Մոսկվան չաջակցի հակամարտության դեէսկալացիային եւ ուղղակիորեն չաշխատի Ուկրաինայի նոր իշխանությունների հետ:

Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ԱՄՆ գործընկերները «այլ ընտրություն չեն ունենա, քան միանալ մեզ ու Ռուսաստանի մեկուսացման միջոցառումներ ձեռնարկել դիվանագիտական, տնտեսական եւ միջզգային ձեւաչափերում»: