G7-ի երկրները առաջիկա շաբաթներին կհանդիպեն՝ քննարկելու համար Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը, գրում է Toronto Star-ը:
Փերթի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ կընդգծվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական մեկուսացումը: Հարփերը եւ G7-ի մյուս երկրների առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանը, հնարավոր է, հեռացվի կազմակերպությունից՝ Ուկրաինայում իր գործողությունների պատճառով:
Հարփերը Ռուսաստանի գործողությունները <ներխուժում եւ օկուպացիան> է անվանել եւ հայտարարել, որ Օտտավան դադարեցրել է ռուսական զինված ուժերի հետ բոլոր համատեղ գործողությունները:
Կանադայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի հետ հանդիպման ժամանակ, Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հայտարարել է, որ անիմաստ է համարում Պուտինի հայտարարությունը, թե ինքը Ուկրաինայում պաշտպանում է Ռուսաստանին եւ ռուսալեզու բնակչությանը:
Կանադայի Համայնքների պալատում վարչապետ Հարփերը հայտարարել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը նման բան չէր տեսել: Թերթը այն անվանել է նացիստական Գերմանիայի կողմից իր հարեւանների դեմ ռազմական գործողությունների արդարացման վկայակոչում:
Հարցին՝ Ուկրաինան նոր ֆինանսական աջակցության կարիք չունի Կանադայի կողմից, Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն դրական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ <մեզ իսկապես շատ փող է պետք հենց հիմա>:
Ուկրաինայի կարճաժամկետ պահանջմունքները կազմում են մոտ 35 մլրդ դոլար, հայտարարել է Պրիստայկոն, որից հետո խնդրել է արեւմտյան երկրներին շարունակել ճնշումը Պուտինի վրա:




























