Ռուսաստանի սեւծովյան նավատորմը, որքան հնարավոր է արագ, պետք է լքի Ուկրաինան: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լուծարել Սեւծովյան նավատորմի մասին 2010թ. Խարկովում կնքված համաձայնագիրը, եւ անել ամեն ինչ, որպեսզի նավատորմը լքի Ուկրաինայի տարածքը, քանի որ այն ռազմական ապակայունացման օջախ է:

Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինան ազատության համար արդեն վճարել է սեփական արյամբ, իսկ այժմ պետք է գազի համար վճարի շուկայում առկա ամենաբարձր գնով: Սակայն դա կհանգեցնի նրան, որ ուկրաինական տնտեսությունն ամբողջությամբ կմոդեռնիզացվի, ինչը կնպաստի գազի սպառման կրճատմանը: «Որքան պայմանավորվածությունների գնանք Կրեմլի հետ քաղաքական գնի մասին, մենք կախվածության մեջ կլինենք»,- հայտարարել է Տիմոշենկոն:

Նրա կարծիքով՝ մինչեւ 2020թ. Ուկրաինան պետք է դադարի օգտագործել ռուսական գազը: «Սա իմ ուղին է եւ իմ ռազմավարությունը: Իսկ եթե Յանուկովիչի կառավարությունը եւ ինքը Յանուկովիչը թույլ գտնվեցին նման քայլի համար, իրենց խնդիրն է»,- ասել է Տիմոշենկոն: