Կանադան որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Ըստ Հարփերի` ինքը հրահանգել է անմիջապես սառեցնել Կանադայի եւ Ռուսաստանի միջեւ նախապես ծրագրված բոլոր երկկողմ կապերը, այդ թվում զորավարժությունները եւ նախատեսված բոլոր հանդիպումները, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Կանադայի վարչապետն իր որոշումը հիմնավորել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններով: Ըստ Հարփերի` Ռուսաստանի գործողությունները կարելի է համեմատել նացիստական Գերմանիայի գործողությունների հետ: Ըստ վարչապետի` Ռուսաստանը որոշել է զավթել հարեւան երկիրը: Մոսկվայի նման պահվածքը կդառնա Ռուսաստանի մեկուսացման պատճառ:
Մարտի 3-ի երեկոյան Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունն ընդհատելու մասին հայտարարել էր ԱՄՆ-ն: ԱՄՆ-ի առեւտրային գերաեսչությունը հայտնել էր Ռուսաստանի հետ առեւտրային երկկողմ համաձայնագրի աշխատանքները եւ ներդրումների վերաբերյալ բանակցությունները դադարեցնելու մասին: Երկու գերատեսչություններում էլ այդ որոշումները կապել էին Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ունեցած դիրքորոշման հետ: Հիշեցնենք, որ մարտի 2-ին Կանադայի իշխանությունները հետ էին կանչել Մոսկվայի իրենց դեսպանին՝ խորհրդակցելու համար:




























