Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր կառավարությունը դեռ պատրաստ չէ Գերագույն Ռադայի ներկայացուցիչների հետ բանակցություններին, քանի որ Կիեւի իշխանությունն օրինական չի համարում: Այդ մասին հայտնել է ՂԻՀ-ի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը:

Նա նշել է, որ Ղրիմը բանակցություններ չի վարելու Կիեւի հետ, քանի որ «այդ իշխանությունը մենք օրինական չենք համարում: Այն մեզ համար Ուկրաինա պետությունը չի ներկայացնում: Գլխավոր հարցը դա է»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալու հնարավորությանը, ապա նա հայտնել է, որ  «դա կարող են որոշել միայն ինքնավարության բնակիչները, քաղաքացիները կարող են անել ցանկացած ընտրություն, իսկ մենք կկատարենք նրանց կամքը»:

Խոսելով սեփական զինված ուժեր եւ նավատորմ ստեղծելու մասին` Աքսյոնովն ընդգծել է, որ «բոլոր զորամասերը պետք է ենթարկվեն Ղրիմի իշխանություններին, այսինքն` ինքնավարության խորհրդարանին», հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: