Սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա տեղեկացրեց, որ տիկին Գրետայի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որը բերել է ինսուլտի օջախի ձեւավորման: Վազգեն Սարգսյանի մայրը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բայց գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն: Անատոլի Գնունին ասաց, որ նա այսօր կմնա հիվանդանոցում, դուրս գրման մասին վաղ է խոսելը:
Նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: Այդ առթիվ մի խումբ ՀՀԿ-ականներ եւ Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչներ այցելելու են «Եռաբլուր» պանթեոն, Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա անվան զորամաս։
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ տիկին Գրետան առողջական խնդիրներ ունի եւ բուժում էր ստանում Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում: Փետրվարի 15-ին կայացած ԵԿՄ համագումարին նա չէր մասնակցել առողջական խնդիրների պատճառով։




























