Հանրապետական կուսակցության Արարատի մարզային կառույցը երեկ՝ մարտի 4-ին, նիստ է գումարել եւ ընտրել կառույցի նախագահ ու տեղակալներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը:

Նա տեղեկացրեց, որ համագումարից առաջ բոլոր սկզբնական կազմակերպություններում տեղի են ունենալու ընտրություններ: Ըստ այդմ՝ մինչեւ ապրիլի 10-15-ը ընտրություններ պետք է անցկացվեն ՀՀԿ 1946 սկզբնական կազմակերպություններում: «Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Արարատի կառույցի խորհրդի նիստը, որտեղ նախագահ է ընտրվել Կարինե Պողոսյանը, տեղակալներ՝ Գագիկ Բեգլարյանը, Սամվել Մինասյանը»,- ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը:

Ի դեպ, Ռուբեն Թադեւոսյանն ասաց, որ Հովիկ Աբրահամյանը եւս ներկա է եղել նիստին, քանի որ ՀՀԿ Արարատի մարզային կառույցի անդամ է, այնտեղ է հաշվառված: