ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին ղեկավար Բեն Բերնանկեն 250 հազար դոլար է ստացել՝ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում տնտեսական խորհրդաժողովի ժամանակ  40 րոպեանոց դասախոսությամբ հանդես գալով:

Դասախոսության թեման եղել է ԴՊՀ-ի արձագանքը 2007-2009թթ. ֆինանսական ճգնաժամին եւ համաշխարհային տնտեսության վրա դրա հետեւանքները: Ճգնաժամի մասին իր առավել մանրամասն մտորումները Բերնանկեն նախատեսում է շարադրել ապագա գրքում:

Տնտեսական խորհրդաժողովը կազմակերպել էր Աբու-Դաբիի Ազգային բանկը, դրա հրավիրատոմսն արժեր 2 հազար դոլար: 

Մասնակիցների թվում եղել է նաեւ ԱՄՆ-ի ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը:

Խորհրդաժողովի մասնակիցներից մեկի խոսքով՝ «Բերնանկեն  երկարադիմացկուն արտադրանք է», քանի որ երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ամերիկյան տնտեսական զանազան կառույցներում, եւ նրա կուտակած գիտելիքներն «անգին» են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բերնանկեն  նաեւ մի քանի տարի ԱՄՆ-ի նախագահին կից փորձագիտական խորհուրդն է ղեկավարել, իսկ 2006-ի  փետրվարի 1-ից զբաղեցրել է Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնը՝ այն լքելով միայն ընթացիկ տարվա փետրվարին:  2009թ. Time ամսագրի վարկածով նա ճանաչվել էր տարվա մարդ: