Երեւանի երթուղային տաքսիներից մեկում, մարտի 5-ի առավոտյան «ոչ մեծ» սկանդալ է հասունացել: Խնդիրը հետեւյալն է. Սեբաստիայի եւ Րաֆֆիի փողոցների խաչմերուկում (հայտնի «Բանգլադեշի տոնավաճառի» մոտ) «ԳԱԶԵԼ» կանգ է առել կարմիր լույսի տակ: Օգտվելով պահից, երթուղայինի կողքով անցնող քաղաքացին բացել է դուռն ու նստել, ինչը առաջացրել է վարորդի զայրույթը: Վարարդը նշել է, որ խաչմերուկում տեսախցիկ կա, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումն արձանագրվել է եւ շուտով ինքը տուգանքի որոշում կստանա:
Կարգը խախտած ուղեւորը փորձել է կատակի տալ, ինչն էլ ավելի է բարկացրել վարորդին եւ նա սկսել է հայհոյել:
Համաձայնենք, որ երթուղայինները վարորդները սկզբունքնորեն իրենք են մեղավոր. բավական է մայթին կանգնած անցորդը ձեռքը բարձրացնի, միկրոավտոբուսը անմիջապես մոտենում է եւ կանգնում: Դրա համար էլ մարդիկ սովորել են նման հարմարավետությանը: Սակայն խնդիրն այլ է. ինչպե՞ս կարող է անաչառ տեսխցիկը պարզել, թե ո՞վ է օրինախախտը, ինչպե՞ս վարորդն ապացուցի, որ ինքն այստեղ մեղք չունի:
Հաճախակի է պատահում նաեւ հետեւյալ դեպքը. Բառացիորեն երթեւեկության գոտում ուղեւորը վարորդին է տալիս 100 դրամանոցն ու առանց նրա համաձայնության բացելով դուռն իջնում երթուղայինից: Դե ի տարբերություն ավտոբուսի, «ԳԱԶԵԼ»-ի դուռը բացում է ուղեւորը:
Նման դեպքերում վարորդի մեղքը, որպես այդպիսին չկա, բայց նրանք պնդում են, որ իրենք չեն կարողանում ոստիկանությանն ապացուցել իրենց մեղքի բացակայությունը:


























